Եղել է միաբանության տպարանապետ, Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1868-1870 թվականներին՝ թուրքականի ասիստենտ Վիեննայի Արևելյան ակադեմիայում, 1887-1890 թվականներին՝ «Հանդես ամսօրյայի» խմբագրապետ։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, գերմաներենին, ֆրանսերենին, արաբերենին և այլն։ Ա. Գարագաշյանի և Հ. Գաթըրճյանի հետ թարգմանել է Ժ. Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատությունը, որտեղ կյանքի է կոչել «ոսկեդարյան» գրաբարը։ «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (մաս 1, տետր 1 և 2, 1897) գրքում Հովնանյանը հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ռամկորեն (ժողովրդախոսակցական գրաբար) հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ և այլք) երկերից նմուշներ, ուսումնասիրել դրանք, և ըստ այդմ, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի ստեղծագործողները, հայերենը բաժանել երկու շրջանի, առաջինն անվանելով «ռամկախառն գրաբար», երկրորդը՝ «գրաբարախառն ռամկօրէն»։ Գրքի նախաբանում («Նախաշաւիղ») Հովնանյանը հիմնավոր փաստերով հաստատում է հայկական բարբառների գոյությունը V դարում և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել է առօրյա խոսակցական լեզվի հիմքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 577)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։